Страницы

01.05.2012

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն արձանագրել է

Մայիսի 6-ին նշանակված ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունն օրերս հրապարակած իր երկրորդ զեկույցում նախընտրական քարոզարշավի խախտման կոնկրետ դեպքեր է արձանագրել, որոնց հեղինակն իշխանական քաղաքական ուժերն են, մասնավորապես` Հանրապետական կուսակցությունը: «Գրանցվել են դեպքեր, երբ Ընտրական օրենսգրքի նախընտրական քարոզչությանը վերաբերող դրույթները խախտվել են: Այդ խախտումները ներառում են` քարոզչություն դպրոցներում, ուսուցիչներին եւ ուսանողներին խնդրել են մասնակցել Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի միջոցառումներին, եւ որոշ կուսակցությունների քարոզչական նյութեր փակցվել են տեղական ինքնակառավարման մարմինների շենքերին եւ ընտրատեղամասերում»,- նշված է դիտորդական առաքելության զեկույցում: Դիտորդները որպես Ընտրական օրենսգրքի խախտում արձանագրել են նաեւ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության կողմից տրակտորներ բաժանելու դեպքերը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում հատուկ անդրադարձ կա նաեւ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած մի քանի հանդիպումներին, որոնց մասին գրված է. «Ուսուցիչները եւ աշակերտները ազատ են արձակվել դասերից` ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու համար: Ապրիլի 14-ին Արաբկիր համայնքում (Երեւանում) ուսուցիչները խնդրել են աշակերտներին` դասերից հետո գնալ նախագահ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ-ի հանրահավաքին»: Երկարաժամկետ դիտորդները նկատել են, որ ՀՀԿ մեծամասնական թեկնածուները (Արմավիրի մարզի թիվ 19 եւ 20 ընտրատարածքներ) քարոզչություն են իրականացրել դպրոցներում, ուսուցիչների եւ աշակերտների ներկայությամբ:
Երկարաժամկետ դիտորդները նաեւ արձանագրել են, որ տեղական հարկային ծառայության աշխատակիցները աշխատանքից վաղաժամ են ազատ արձակվել` ապրիլի 20-ին Թալինում (Արագածոտնի մարզ) ՀՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու պայմանով»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում անդրադարձ կա նաեւ ընդդիմության քարոզարշավի խոչընդոտման դեպքերի մասին: «Ընդդիմության քարոզչական գործողություններին խոչընդոտելու որոշ դեպքեր, այդ թվում` թռուցիկների տարածման ժամանակ, գրանցվել են հանրահավաքներին մասնակցող անձանց սպառնալու դեպքեր եւ երկու ծեծկռտուք: Վերջինս տեղի է ունեցել ՀԱԿ եւ ՀՀԿ հետեւորդների միջեւ` ապրիլի 15-ին եւ 16-ին Երեւանի թիվ 7 ընտրատարածքում»,- նշված է զեկույցում: Միջազգային դիտորդները արձանագրել են նաեւ այն իրողությունը, որ ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածուին ծեծելու փաստը ոստիկանության կողմից դիտվում է որպես «սովորական հանցանք եւ ոչ թե ընտրությունների հետ կապված միջադեպ»:

Комментариев нет:

Отправить комментарий